Ով ա քեզ դատարանում թույլ տվել նկարես

«Ելք»-ն այլևս չի կարող ընտրությունների մասնակցել միասնական, ՔՊ-ն ու դաշինքի մյուս ուժերը պետք է ընտրությունների գնան առանձին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը. «Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների մասին չէ: Ավագանու ընտրություններին կարող են գնալ միասին, բայց հետո դժվար կլինի բացատրել, թե ինչու ավագանու ընտրություններին գնացին միասին, իսկ ԱԺ ընտրություններին՝ առանձին: Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են, դրանից չեն հրաժարվելու երբեք, և չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ռուսներին ավելորդ անգամ կարմիր բան ցույց տալու (կարմիր կտոր՝ բարկացնելու ) ուղղությամբ, որովհետև, եթե Փաշինյանը ընտրությունների գնա նախընտրական «Ելք» դաշինքով, դրանով փաստացի կֆիքսի, որ ընտրությունների գնում են ընդգծված արևմտամետներով»: Որպես օրինակ՝ քաղտեխնոլոգը բերեց իշխանության գալուց հետո սկսված բանակցությունները և ասաց, որ դրանով ամեն ինչ ջուրը կլցնեն: Այս իսկ պատճառով Կարեն Քոչարյանը համոզված է, որ «Ելք»-ն ընտրությունների գնալու է առանձին: Այլ բան է, որ ընտրություններից հետո ՔՊ-ն ու «Ելք»-ը կարող են կազմել իշխանական կոալիցիա: «Այսինքն՝ մի բան է, երբ դու ընտրությունների գնում ես նախընտրական դաշինքով՝ մեկ ծրագրով, և այլ՝ երբ գնում ես առանձին՝ տարբեր ծրագրերով ու կոալիցիա ես ստեղծում արդեն հետընտրական Ազգային Ժողովում»,-մեկնաբանեց Կարեն Քոչարյանը: Հարցին, թե ի՞նչ հնարավորություններ ունեն «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» առանց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի, քաղաքագետը պատասխանեց՝ ասելով, որ գուցե այնքան շանսեր չունեն, ինչքան ՔՊ-ն, բայց դրանք շատ ավելի մեծ են, քան մնացած 70 և ավելի կուսակցություններինը: «Զարուհի Փոստանջյանից «Լուսավորն» էլ «Հանրապետությունն» էլ շատ ավելի ձայներ կհավաքեն: Հաստատ, կգա ժամանակը, կհամոզվեք: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին՝ կհավաքի բավական լուրջ թվով ձայներ, որովհետև ունի ռեսուրսներ, այդ թվում՝ ֆինանսական, բայց նույն դաշինքն այսօր բավականի լուրջ խնդիրների առաջ է կանգնած»,-ասաց Կարեն Քոչարյանը: